1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։

Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր:

Ներոն

Հռոմեական կայսրությունը պատերազմական սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։