Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Հռոմ
Տարածքը՝ 301,3 հզ. կմ քռ
Բնակչությունը՝ 60 մլն
Պետական լեզուն՝ իտալերեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ լիրա)

Իտալիան պաշտոնապես Իտալական Հանրապետություն  երկիր է, որը գտնվում է Հարավային Եվրոպայում և զբաղեցնում է Իտալական թերակղզին և Միջերկրական ծովի երկու ամենամեծ կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան։

 Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզիի երկայնքով ձգվում են Ապենինները: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք:

Պատմություն

Ապենինյան թերակղզին Հին Հռոմի օրրանն է՝ ստրկատիրական մի պետության, որը գոյատևել է մոտ մեկուկես հազարամյակ և եղել Հին աշխարհի հզոր երկրներից մեկը: V–VIII դարերում Իտալիայի տարածքը հաջորդաբար նվաճել են օստգոթերը (գերմանական ցեղ), Բյուզանդիան, լանգոբարդները (գերմանական ցեղ), ֆրանկները: XVI դարում երկրի տարածքի զգալի մասը գտնվում էր Իսպանիայի, XVIII դարում՝ Ավստրիայի, իսկ XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին՝ Ֆրանսիայի գերիշխանության տակ: Միջին դարերում Հյուսիսային Իտալիայով էին անցնում Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք տանող առևտրական ճանապարհները, ինչը նպաստեց իտալական վաճառաշահ քաղաք-պետությունների, հատկապես Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների բուռն զարգացմանը: Թերակղզու տնտեսական զարգացմանը մեծապես խանգարեց մի քանի դար տևած երկրի մասնատվածությունը փոքրիկ պետությունների: Եվ միայն 1870 թ-ին`   երկարատև պատերազմներից հետո, թերակղզուց դուրս քշվեցին օտարերկրյա (սկզբում՝ ֆրանսիական, ապա՝ ավստրիական) զորքերը, և հիմնականում ավարտվեց Իտալիայի միավորումը մեկ միասնական թագավորության մեջ: Երկրի անկախության համար պայքարը գլխավորում էր Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպե Գարիբալդին:Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1922 թ-ին (ավելի շուտ, քան Գերմանիայում), իշխանության գլուխ անցան ֆաշիստները՝ Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ: Հիտլերյան Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ՝ Իտալիան մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը, իսկ 1941թ-ին իտալական զորքերը գերմանական բանակի հետ ներխուժեցին Խորհրդային Միություն: 1945 թ-ի ապրիլին Իտալիա մտան անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը, և 1946 թ-ին այնտեղ հռչակվեց հանրապետություն: Այժմ, նախկին թագավորի փոխարեն, իտալական պետության գլուխը նախագահն է: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, որը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից:Իտալիան «Մեծ ութնյակի» առաջատար պետություններից է, ունի զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն: Արտադրում են ավտոմեքենաներ, մոտոցիկլներ, նավեր, օդանավեր, էլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներ, օծանելիք, կոշիկ և այլն: