Բնապահպաններն ահազանգում են Հայաստանում առկա պոչամբարների՝ բնության ու մարդկանց առողջության վրա ունեցած բացասական ազդեցության մասին: Հայաստանում խնդիրն ակնառու է, քանի որ պոչամբարների կառուցումն ու դրանց մեկուսացումը շրջակա միջավայրից կատարվում է հիմնականում ոչ միջազգային չափորոշիչների համաձայն:
«Վտանգավոր օբյեկտները պետք է ունենան իրենց սանիտարական գոտիները, որոնց սահմանների շուրջ չպետք է լինի բնակչության անմիջական գործունեություն, չպետք է լինեն քաղաքներ, բնակավայրեր: Սակայն դա չի պահպանվում Հայաստանում»
Պոչամբարների բացասական ազդեցությունը
Շրջակա միջավայրի վրա պոչամբարների ունեցած բացասական ազդեցության մասին բնապահպանները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են: Մասնավորապես նշվում է, որ Սյունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում ծանր մետաղների և մկնդեղի քանակը զգալիորեն գերազանցում է թույլատրված միջազգային չափանիշները: . Մասնավորապես՝ Ախթալայում ապրող ավելի քան 84%, իսկ Ալավերդիում ապրող ավելի քան 75% երեխաների օրգանիզմում կապարը գերազանցել է սահմանային մակարդակը:
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Ախթալայում ծանր մետաղների տարածվածության մի քանի պատճառ են հայտնաբերել: «Իրավիճակը Հայաստանի Ախթալա քաղաքում. Հանքարդյունաբերության բնապահպանական և առողջապահական հետևանքները» զեկույցում նշվում է, որ թունավոր նյութերի աղբյուր են հանդիսանում Նազիկի պոչամբարն ու վերամշակող գործարանից պոչերի արտանետումն Ախթալա գետ:
Քաջարան քաղաքում և դրան մոտ Լեռնաձոր գյուղում էլ հետազոտված 17 երեխայի մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել: Այս դեպքում ևս մատնանշվում է պոչամբարի ազդեցության մասին և այս անգամ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ուսումնասիրության մեջ:
Պոչամբարները գյուղացիների կողմից օգտագործվում են իբրև արոտավայր և այգի: Չգործող պոչամբարների տարածքներում գյուղացիները միրգ-բանջարեղեն են աճեցնում ու անասուններին արածացնում:
Կայքը` https://ampop.am/tailing-risks-in-armenia/
26.09. 2021թվ.